Լիտվայում 2015-ին ժամանակավորապես վերականգնված պարտադիր զինվորական ծառայությունն այսուհետ գործելու է մշտական հիմունքներով։ Նման որոշում է կայացրել երկրի խորհրդարանը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը թելադրում է պահպանել զինվորական ծառայության պահպանման անհրաժեշտությունը՝ հանուն ազգային անվտանգության ոլորտում կայունության»,– նշել են օրենսդիրները։
Դրանով Լիտվայի ԶՈւ–ն անցում է կատարում խառը մոդելի։ Բանակային ստորաբաժանումները կձեւավորվեն խառը սկզբունքով. անձնակազմի մի մասը՝ ժամկետային, իսկ մյուս մասը՝ պայմանագրային զինծառայողներից։
Նշենք, որ Լիտվան պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվել էր 2008-ին եւ անցել պրոֆեսիոնալ բանակի։ 2015–ին աշխարհաքաղաքական բարդ իրադրության պատճառաբանությամբ պարտադիր զինծառայությունը վերականգնվեց։





























