Այս տարի ամառային հանգստի ամենապահանջված երկու ուղղությունները հայաստանցիների շրջանում Հունաստանն ու Դուբայն են: Մի քանի տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները  NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ եթե անցած տարի այս առումով առաջատարը Եգիպտոսն էր, ապա այս տարի բացարձակ առաջատար է դարձել Հունաստանի ուղղությունը:

Տուրիստական գործակալություններից շատերը մեզ հետ զրույցում նշեցին, որ ամառային հանգիստը հայերը հիմնականում նախընտրում են անցկացնել ընտանիքով:  Հունաստանում մեկ շաբաթ ամառային հանգիստը (երկու մեծ, մեկ երեխա)  միջին կարգի հյուրանոցում սկսվում է 1000 եվրոյից, իսկ  Դուբայում մեկ շաբաթ ամառային հանգիստն անցկացնելը ընտանիքի համար (երկու մեծ, մեկ երեխա) կազմում է մոտավորապես  հազար դոլար: Նշենք, որ տուրիստական փաթեթի մեջ մտնում է հետադարձ տոմսը, նախաճաշը, 4 կամ 5 աստղանի հյուրանոցում մեկ շաբաթ մնալը: 

Հայերը Դուբայում են նախընտրում հանգստանալ՝ մատչելի գնի համար, ի տարբերություն Դուբայի, եվրոպական երկրներում հանգստացող ցանկացողները հիմնականում նախընտրում են 3 աստղանի հյուրանոցներ, քանի որ այդ ուղղություններով հյուրանոցներն ավելի թանկ են: Օրինակ՝ Բարսելոնայում մեկ շաբաթ հանգիստը անցկացնել ցանկացող ընտանիքին (երկու մեծ, մեկ երեխա)  հարկավոր է 1 միլիոն 200 հազար դրամ, փաթեթի մեջ մտնում է հյուրանոցում մեկ շաբաթ մնալը՝ նախաճաշով, հետադարձ տոմս, պահանջված ուղղություն է նաեւ Իտալիան, սակայն, վիզայի հետ կապված խնդիրների պատճառով, հաճախ հայերը հրաժարվում են այնտեղ գնալուց:

Նշենք, որ տուրիստական գործակալությունների շրջանում մեր անցկացրած հարցման արդյունքում պարզ դարձավ, որ Եգիպտոսում ռուսական օդանավի աղետից հետո, հայերն արդեն սկսել են հանգստանալու մեկնել նաեւ Եգիպտոսի Հուրգադա քաղաք, իսկ եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանում եւ Հայաստանում հանգստացողների թիվն անցած տարվա համեմատ քչացել է: