Լեյբորիստական կուսակցությունից բրիտանական խորհրդարանի անդամ Ջո Քոքսը հարձակման է ենթարկվել Անգլիայի հյուսիսում գտնվող իր ընտրատարածքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախնական տվյալների համաձայն, 41-ամյա կնոջ ուղղությամբ կրակել են, այժմ նա հիվանդանոցում է` կրիտիկական վիճակում: Հիվանդանոցի շենքի մոտ հերթապահում են ոստիկանները: Ուեստ-Յորքշիր կոմսության ոստիկանությունը հաղորդում է  52-ամյա տղամարդու ձերբակալության մասին: 

Ականատեսները պատմում են, որ Քոքսը վիրավորվել է այն բանից հետո, երբ Բերստալլ գյուղում վեճի է բռնվել երկու տղամարդու հետ: Կրակոցից հետո կինը մի որոշ ժամանակ ուժեղ արյունահոսությամբ պառկած է եղել սալարկուղու վրա, հետո տեղի բնակիչներից մեկը շտապօգնություն է կանչել:   

Հաղորդվում է նաեւ, որ հարձակման ընթացքում տղամարդ է տուժել: 

Հարձակումից կարճ ժամանակ անց Britain Stronger In շարժման ներկայացուցիչները, որոնք հանդես են գալիս Բրիտանիայի` Եվրամիությունում մնալու օգտին, հաղորդել են օրվա ընթացքում բոլոր միջոցառումների դադարեցման մասին: 

Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն իր   «Թվիթերում» գրել է, որ իշխանությունները չափազանց անհանգստացած են միջադեպով: