Բոլիվիայի իշխանությունները բացասաբար են արձագանքել թռչնաբուծության զարգացման ճանապարհով աղքատ երկրներին օգնելու՝ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի մտադրությանը: Financial Times-ի փոխանցմամբ, մարդասիրական օգնությունից հրաժարվելու մասին հայտարարել է Բոլիվիայի գյուղնախարար Սեսար Կոկարիկոն:

Ըստ Lenta-ի, նա կարծում է, որ Գեյթսը պետք է ներողություն խնդրի վիրավորական առաջարկության համար: «Նա ծանոթ չէ Բոլիվիայի ժամանակակից իրականությանը: Նա կարծում է, որ մենք, ինչպես 500 տարի առաջ, ջունգլիներում ենք ապրում եւ չգիտենք ինչպես սեփական արտադրությունը զարգացնել»,- ընդգծել է Կոկարիկոն:

Հունիսի 8-ին Բիլ Գեյթսը հայտարարել էր թռչնաբուծության զարգացման ծրագրի շրջանակում ցածր կենսամակարդակ ունեցող երկրներին 100 հազար ճուտ փոխանցելու մտադրության մասին: Միլիարդատիրոջ հաշվարկներով, այս նախագիծը թույլ կտա մասամբ լուծել աղքատության եւ քաղցի խնդիրները:

Մի շարք պարբերականներ, այդ թվում՝ Financial Times-ը եւ Tech Insider-ը, հավաստում են, որ ծրագիրն իրականացվելու է արեւադարձային Աֆրիկայի, կենտրոնական Ամերիկայի եւ Ասիայի երկրներում, սակայն դրանց հստակ ցուցակը չի հրապարակվում:

Սակայն Microsoft-ի հիմնադրի կայքում հիշատակվում են միայն աֆրիկյան երկրները: