Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված Ռուբեն Առաքելյանի բուժումը Գերմանիայում արդեն սկսվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հարազատներից Հովհաննեսը: Նա նշեց, որ Ռուբենն այժմ վերականգնողական բուժում է ստանում.
«Վերականգնողական բուժում է ստանում, մերսում են ձեռքրեը, ոտքերը, մոտն այժմ ամեն ինչ նորմալ է»,-ասաց Հովհաննեսը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Առաքելյանը Գերմանիա էր տեղափոխվել հունիսի 13-ին:
Հիշեցնենք, որ 19-ամյա Ռուբենը ծանր վիրավորում էր ստացել ողնաշարի մասում ու նրա վերջույթները հիմա գրեթե անշարժ են: Սակայն գերմանացի բժիշկները, ծանոթանալով Ռուբենի փաստաթղթերին, ասել են, որ ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի գոնե մասամբ վերականգնել վերջույթների շարժունակությունը ու օգնել, որ Ռուբենն ավելի ինքնուրույն դառնա: Հայ բժիշկը, որը Ռուբենին մերսումներ է անում, նույնպես ասում է, որ հույս կա՝ նա վստահ չէ, որ Ռուբենի ոսկրածուծն ամբողջովին կտրված է, քանի որ բուժակարգերի ընթացքում զգում է արձագանք նրա նյարդային համակարգի կողմից:
Հիշեցնենք նաեւ, որ Գերմանիայում բուժում ստանալու համար անհրաժեշտ 43 հազար եվրոն պաշտպանության ու առողջապահության նախարարությունների ջանքերով նախապես փոխանցվել է գերմանական կլինիկային:





























