Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ավելի քան 2.1 մլն շեկել ( 542 հազար դոլար) է ծախսել իր անցած տարվա հնգօրյա ուղեւորության ժամանակ՝ ՄԱԿ –ի գլխավոր ասաամբլեայի հոբելյանական նստաշրջանի լիագումար նիստին իր մասնակցության օրերին, հայտնում է The Times of Israel–ը:

Եվ այսպես, El Al ավիաընկերության օդանավով Նյու Յորք թռնելու ու հետադարձ ճանապարհի համար ծախսվել է 1.5 մլն շեկել ( 387 հազար դոլար), Իսրայելի վարչապետի սանրվածքի համար՝ 1.6 հազար դոլար, իսկ դիմահարդարման համար՝ 1.75 հազար դոլար: Եվս 20 հազար է արժեցել հյուրանոցի սենյակից կահույքի դուրսբերումը, որպեսզի Նեթանյահու ամուսինները կարողանային համարում հյուրեր ընդունել: Երկուսի սնունդը գնահատվել է 1.76 հազար դոլար:

Ընդ որում նշում են, որ այս գումարների մեջ ներառված չեն վարչապետի կնոջ՝ Սարայի ծախսերը: Կան կասկածներ, որ դրանք էլ են բյուջետային միջոցներից արվել:

Թերթը հայտնում է, որ վարչապետի ծախսերի մասին տվյալները ՆԳՆ-ն, Նյու Յորքում Իսրայելի հյուպատոսությունը ու ՄԱԿ-ում Իսրայելի առաքելությունը դեռ հունվարին էին պատրաստել, սակայն մինչեւ վերջին պահը գերատեսչությունները, որոնք Նեթանյահուին են ենթարկվում, փորձել են խոչընդոտել դրանց հրապարակմանը: Միայն իրավաբան Շահար Բեն Մեիրուի ջանքերով է հնարավոր դարձել այս տեղեկությունների հրապարակումը: