Ավելի քան երեք տարի ԱՄՆ-ում զենքի վաճառքի օրենքի խստացման մասին բանակցություններ վարելուց հետո, սենատոր Քրիս Մըրֆին դիմել է վճռական քայլերի, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

Չորեքշաբթի օրը Կոնգրեսի քննարկումների ժամանակ նա ասել է. «Պարոն նախագահ, ես պատրաստ եմ այստեղից հայտարարել, որ այս կառույցը պետք է միջոցներ ձեռնարկի ահաբեկիչներին զենք ձեռք բերելուց զերծ պահելու համար»:

Նրա դեմոկրատ գործընկերները նույնպես արտահայտել են վրդովմունք՝ Օրլանդոյում կատարված վերջին իրադարձություններից հետո:

Քոնեքթիքութից ընտրված սենատոր Ռիչարդ Բլումենթալը ասել է. «Այսօր այստեղ ենք՝ լուծում գտնելու համար, եւ լուծումը չափազանց երկար է հետաձգվել, որպեսզի կարողանայինք կանխարգելել զենքի միջոցով կատարված բռնությունները եւ ատելության այնպիսի դրսեւորումները, ինչպիսին պատահեց Օրլանդոյում: Գործողությունները բառերից բարձր են խոսում: Եվ երկիրը գործողությունների դիմելու կարիք ունի: Ամերիկացիների 90 տոկոսը կողմ է խելամիտ փոփոխությունների, ինչպես օրինակ Սենատի կողմից զենքի վաճառքից առաջ անցկացվող հետաքննության վերաբերյալ օրենքի ընդունմանը»:

Նյու Ջերսին ներկայացնող սենատոր Քորի Բուքերը ասել է. «Մենք խոսել ենք մեր գործընկերների հետ եւ բոլորի մտքում մի բառ է «բավական է», «բավական է», «բավական է»: Մեր ցանկացածը կտրուկ փոփոխությունը չէ: Մենք հարցի խելամիտ լուծում ենք փնտրում, որը ժողովրդի մեծամասնության համար ընդունելի կլինի»:

15 ժամ քննարկումներից հետո Մըրֆին հայտարարել է, որ Սենատի հանրապետականները համաձայնել են օրենսդրություն ընդունել, որը Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ ահաբեկչության կասկածի ցուցակում գտնվող մարդկանց կզրկի զենք գնելու հնարավորությունից, եւ մեկ այլ օրենսդրություն, որը կընդարձակի զենք գնելուց առաջ կատարվող հետաքննությունը:

Այն օրից ի վեր երբ 2012 թվականի դեկտեմբերին Նյութաունի մանկապարտեզում զինված մի մարդ գնդակահարեց 20 երեխաների, Սենատում Մըրֆին դարձել է զենքի վերաբերյալ օրենքի փոփոխության ամենահամառ ջատագովը: