ԱՄՆ-ում դատարանը Կինի համալսարանի (Նյու Ջերսիի նահանգ) սեւամորթ ակտիվիստուհուն 90 օրվա ազատազրկման է դատապարտել այն բանի համար, որ անցյալ տարվա նոյեմբերին նա Twitter-ում ռասիստական բնույթի անանուն սպառնալիքներ է տարածել իբր սպիտակամորթ ազգայնականների անունից: Այդ մասին հունիսի   17-ին հայտնել է NBC4-ը:

  25-ամյա Քայլա ՄակԿիլվին այդ եղանակով փորձել է հնարավորինս շատ սեւամորթ ուսանողների ներգրավել` մասնակցելու բողոքի ակցիաներին, որոնք հենց ինքն էր կազմակերպել:  Daily Mail-ը նշում է, որ ՄակԿիլվիի թվիթներում, մասնավորապես, խոսվել է այն մասին, որ բոլոր սեւամորթ ուսանողները կգնդակահարվեն, ինչպես նաեւ, որ ուսումնական հաստատության մասնաշենքերից մեկում ռումբ է տեղադրված:  

Արդյունքում համալսարանի ղեկավարությունը ստիպված է եղել ուժեղացնել պահակախումբը եւ ներքին հետաքննություն անցկացնել: Այդ բոլոր միջոցառումները ղեկավարությանը 80 հազար դոլար են արժեցել: 

Երբ ճշմարտությունը բացահայտվել է, աղջիկը հայտնվել է մեղադրյալի աթոռին: Ապրիլին դատարանը նրան մեղավոր է ճանաչել հանրային կեղծ տագնապ տարածելու համար, իսկ հունիսի 17-ին հրապարակվել է դատավճիռը: Երեք ամսվա բանտարկությունից բացի, ՄակԿիլվիին նաեւ հինգ տարվա փորձաշրջան է նշանակվել, հայտնում է   Lenta-ն: