Geneology խմբից Եսայի Ալթունյանի մայրն այս պահին Նիսում է: Ահաբեկչական գործողությունից հետո Իվլին Ալթունյանն իր  Facebook-ում նշել է` safe: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Իվլինը նշել է, որ ցնցված է տեղի ունեցողից: Նա ծովափին չի եղել ահաբեկչության պահին: Իվլինը հայտնել է, որ Նիսում այժմ ամեն ինչ փակել են, անհնար է մոտենալ ծովափին:   

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան Նիսի կենտրոնում մարդկանց ամբոխի մեջ մեծ արագությամբ մխրճվել է բեռնատարը: Վարորդը ամբոխին խոյահարել է Բաստիլի օրվա կապակցությամբ հրավառության պահին: Ընդ որում բեռնատարը մեծ արագությամբ գրեթե  2 կմ քշել է զիգզագներով` ջանալով հնարավորինս շատ մարդ ճզմել:  Դրանից հետո վարորդը սկսել է կրակել մարդկանց ուղղությամբ: Արդյունքում նա սպանվել է ոստիկանության կողմից: Բեռնատարում մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկներ են եղել: Հարձակման հետեւանքով, վերջին տվյալների համաձայն,  84 մարդ է զոհվել, եւս 18-ը կրիտիկական վիճակում է:

Վարորդը Ֆրանսիայի քաղաքացի է` ծագումով Թունիսից: Նա 31 տարեկան է: Ավելի վաղ նա ոստիկանության տեսադաշտում էր հայտնվել խուլիգանության եւ գողության համար: