Գերմանիան Նիսի ահաբեկչությունից հետո խստացրել է սահմանային հսկողությունը Ֆրանսիայի հետ։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ՆԳՆ–ն, փոխանցում է Spiegel-ը։

Անվտանգության խստացված միջոցառումները վերաբերում են ոչ միայն ավտոմոբիլային եւ երկաթուղային երթեւեկությանը, այլ նաեւ ավիափոխադրումներին։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Նիսի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Բեռնատարը, մոտ 2 կմ զիգզագաձեւ շարժվելով, փորձել է հնարավորինս շատ մարդկանց ճզմել։ Հետո վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Ոստիկանության գործողությունների արդյունքում նա սպանվել է։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ։

Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 84 մարդ, ավելի քան 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վարորդը Ֆրանսիայի եւ Թունիսի քաղաքացի է։ Նա 31 տարեկան է։ Նախկինում ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել գողության եւ խուլիգանության համար։

Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի՝ զոհերի մեջ ՀՀ քաղաքացի կա: Իր հերթին Հայ եկեղեցու Նիսի հոգեւոր հովիվ Հայր Գրիգոր աբեղա Խաչատրյանը NEWS.am-ին հայտնել է, որ զոհված կինը 40 տարեկան է, նաեւ վիրավորների մեջ կա երեք հայ: