Նիսի սարսափելի ողբերգության ականատեսներից շատերը չեն կարողանում դուրս գալ շոկից: Նիսում բնակվող բելառուսցի մոդել Աննա Պոտապովիչը ընկերների հետ Անգլիական ափին էր, երբ բեռնատարը մխրճվել էր մարդկանց խմբի մեջ: «Ես ընկերներիս հետ ափին էի, եկել էին հրավառությունը նայելու: Մարդկանց խմբի համարյա կենտրոնում էինք: Փառք Աստծո, ամեն ինչ լավ է, մենք հասցրեցինք փրկվել: Մենք բոլորս այնտեղ ենք եղել, իմ ընկերները հրաշքով են փրկվել, նրանցից ոչ մեկը չի տուժել: Մենք բոլորս տեղի ունեցածից շոկի մեջ ենք: Այժմ Նիսի փողոցները դատարկ են, կենտրոնը փակ է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նա՝ հազիվ զսպելով արցունքները:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Նիսի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Բեռնատարը, մոտ 2 կմ զիգզագաձեւ շարժվելով, փորձել է հնարավորինս շատ մարդկանց ճզմել։ Հետո վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Ոստիկանության գործողությունների արդյունքում նա սպանվել է։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ։ Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 84 մարդ, ավելի քան 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վարորդը Ֆրանսիայի եւ Թունիսի քաղաքացի է։ Նա 31 տարեկան է։ Նախկինում ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել գողության եւ խուլիգանության համար։





























