Հուլիսի 17–ի լույս գիշերը Խորենացի փողոցի բնակիչներն արթնացան կրակոցների ձայնից. մինչ խուճապահար բնակիչները փորձում էին հասկանալ՝ ինչ է կատարվում, պարզվեց՝ ստիպված են անորոշ ժամանակով հեռանալ իրենց տներից։ Ոստիկանությունը տարհանեց տարածքի բոլոր բնակիչներին, շատ արագ դադարեցվեց տարածքի գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը։ Միայն ժամեր անց հարազատների տներ տեղափոխված էրեբունցիները պիտի պարզեին, որ զինված հարձակում է տեղի ունեցել իրենց տների հարեւանությամբ գտնվող ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա։ Տարածքը շատ արագ մեկուսացվեց, լցվեց զրահամեքենաներով եւ ոստիկանական մեծ ուժերով։ Կատարվածն աննախադեպ էր. իրենց «Սասնա ծռեր» անվանող զինված խումբը բեռնատարով ներխուժել էր գնդի տարածք, պատանդ վերցրել այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկաններին եւ հրապարակել իր գլխավոր պահանջը՝ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, որը վերջերս կալանավորվել էր ապօրինի զենք– զինամթերք պահելու եւ տեղափոխելու մեղադրանքով։
Իրարամերժ տեղեկությունների մի քանի ժամվա սպասումից հետո Ազգային անվտանգության ծառայությունը տարածեց առաջին հաղորդագրությունը, որով հերքեց տեղեկությունը, թե զինված ապստամբություն է ընթանում եւ որ բացի ՊՊԾ գնդի շենքից իրենք գրավել են նաեւ այլ շենքեր։ Խորենացի փողոցում երթեւեկությունը դադարեցվեց. լրագրողներին թույլ չէին տալիս մի քանի հարյուր մետրից մոտ գնալ գրավված շենքին։
Ժամը 13։00-ին ԱԱԾ–ն հաղորդեց, որ զինված հարձակման հետեւանքով զոհվել է ՊՊԾ գնի փոխհրամանատար, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը։ Նա 20 տարուց ավելի ծառայում էր ոստիկանության համակարգում, երեք երեխաների հայր էր, այսօր պետք է մասնակցեր որդու հարսանիքին։ Դիմադրություն ցույց տալիս վիրավորվել էր նաեւ 3 բարձրաստիճան ոստիկան եւ ոստիկանության լրատվական ծառայության օպերատորը։ 7 պատանդների մեջ պարզվեց նույնպես բարձրաստիճան ոստիկաններ կան՝ Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Ոստիկանության առաջին պաշտոնական պարզաբանումը կեսօրից հետո էր։ Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը տեղեկացրեց, որ չորս վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, պատանդներն ի սկզբանե եղել են յոթը, որոնցից մեկին, որի ինքնազգացողությունը վատացել է, զինված խումբն ազատ է արձակել։
Նա հերքեց լուրերը, թե գունդը զավթած խմբի մոտ միայն ոստիկանների մոտից առգրավված զենքերն են։
Հունան Պողոսյանը հիշեցրեց, որ անվտանգության մարմիններն ի վիճակի են եւ իրավասու են հարցն ուժով լուծել, սակայն արյունահեղությունից խուսափելու համար առայժմ զերծ են մնում ուժի կիրառումից եւ խմբին կոչ են անում ինքնակամ հանձնվել։
Այդ ընթացքում տարբեր լրատվամիջոցներով հանդես եկած քաղաքական ուժերի ներկայացուցիչները, մտավորականները զինված խմբին եւ ոստիկանությանը կոչ արեցին խուսափել արյունահեղության տանող գործողություններից, փորձել ստեղծված իրավիճակից դուրս գալ բանակցությունների ճանապարհով։ Երեկոյան տեղեկություններ տարածվեցին, թե ոստիկանները «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխելու են ՊՊԾ գունդ՝ խմբի հետ բանակցելու։ Արդեն երկրորդ ճեպազրույցում Հունան Պողոսյանը հայտարարեց, որ նման որոշում չի կայացվել՝ ընդգծելով՝ առայժմ ոչ։
Ամբողջ օրվա ընթացքում ոստիկանության եւ հատուկ ծառայությությունների նոր ուժեր էին կուտակվում Խորենացի փողոցում։ Առավոտից Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում բերման ենթարկվեց մոտ 200 մարդ, որոնք հիմնականում «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ կամ համախոհներ էին։ Մի քանի հոգի էլ Ազատության հրապարակից բերման ենթարկվեցին ուշ երեկոյան։
Զինված խմբից ստացվող մեսիջներն այնպիսին էին, որ նրանք գնալու են մինչեւ վերջ։ Ոստիկանությունն էլ բացառում էր նրանց պահանջը կատարելը՝ ընդգծելով, որ անվտանգության ուժերը լիովին պատրաստ են գրոհի, սակայն առայժմ դրա հրահանգը չունեն։ Ոստիկանությունը երեկոյան խոստացավ, որ գիշերվա ընթացքում այդ ուղղությամբ ոչինչ չի նախաձեռնի։ Կեսգիշերն անց դեպքի վայր ժամանեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը շատ կարճ՝ մոտ 10 րոպե անց հեռացավ։ Գիշերն անցավ առանց միջադեպերի։
Առավոտյան պարզվեց, որ գիշերը զինված խումբն ազատ է արձակել պատանդներից եւս մեկին: Ավելի ուշ ազատ արձակվեց եւս մեկ ոստիկան: Այժմ պատանդների թիվը 4-ն է:
Այսօր երեկոյան Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Ոչ թալանին» նախաձեռնության հանրային քննարկումը, որի ընթացքում նույնպես քաղաքացիներ են բերման ենթարկվել: Ըստ ոստիկանության, սա արվում է, որ անկարգություններ չլինեն:
Նիսում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով ազգության հայ գործարար է սպանվել: Վրաստանի քաղաքացի Ռոման Եկմալյանն ու կինը Նիս էին գնացելու հանգստանալու նպատակով: Ահաբեկչությունից հետո երկու օր նրանք անհետ կորած էին համարվում: Հուլիսի 16-ին ուշ երեկոյան պարզ է դարձել, որ Եկմալյան ամուսինները սպանվել են:
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ ահաբեկչության հետեւանքով նաեւ Հայաստանի քաղաքացի է զոհվել. երիտասարդը կինը Ֆրանսիա էր տեղափոխվել մի քանի տարի առաջ, մանկահասակ երեխա ուներ:
Հուլիսի 19-ին Երևանում սպասվում է առանց տեղումների շոգ եղանակ: Գիշերը օդի ջերմաստիճանը կհասնի +24-ի, իսկ ցերեկը՝+39-ի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր կլինի, խորհուրդ է տրվում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից եւ ֆիզիկական ակտիվությունից:











