Հայաստանում կոռուպցիան գալով ավելի մեծ ծավալներ է ընդունում։ Այսօր` հոկտեմբերի 15-ին, Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։ Նրա խոսքով, 2003 թվականին  նախագահի մի թեկնածու կար, որ ոչինչ չուներ՝ անգամ սեփական տուն եւ մեքենա, իսկ 2008 թվականին՝ հեռանալուց հետո, Հայաստանից էլ հարուստ էր։

«Կոռուպցիայի ավելի փայլուն օրինակ չկա։  Այս իշխանությունն, ի վիճակի՞ է, արդյոք, կամ ուզում է պայքարել կոռուպցիայի դեմ»,- հռետորական հարց հնչեցրեց Սարգսյանը:

Նա նշեց նաեւ, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը կարելի է շտկել միայն արտահերթ ընտրությունների միջոցով։ Արամ Սարգսյանն ադրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի գործընթացի շուրջ եղած զարգացումներին։ «Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում ասաց, որ որքան ավելի շուտ Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ դառնա, այնքան ավելի շուտ կլուծվի խնդիրը»,- ասաց նա ու հռետորական հարց ուղղեց. «Ո՞ւր էր Սերժ Սարգսյանն այն  ժամանակ, երբ Ռուբերտ Քոչարյանը փաստացի դուրս էր թողնում Ղարաբաղը բանակցային գործընթացից»:

ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ անդրադարձավ ԱՄՆ-ում հանցավոր հայկական խմբավորման ձերբակալությանը, նշելով, որ այդ խմբավորման առաջնորդ Արմեն Ղազարյանը` «Պզո» մականունով,  սերտ կապեր ունի իշխանությունների: Նա նշեց, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ «Պզո»-ն ժամանել էր Հայաստան եւ համակարգել մի շարք քրեական տարրերի գործունեությունը` Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարում:

«Միջազգային կարգի այս սկանդալները լուրջ ազդեցություն կունենան Հայաստանում զարգացումների վրա:Միջազգային հասարակությունը հասկացավ, որ Հայ ազգային կոնգրեսը պայքարում է մաֆիոզ մի կառույցի դեմ, որն, ըստ էության աջակցում է միջազգային տարածում ունեցող մաֆիային»,- հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

Լեւոն Զուրաբյանը նշեց նաեւ, որ Հայաստանի իշխանությունները չափազանց անհանգտացած են ԱՄՆ-ում տեղի ունեցաղ ձերբակալություններով, նաեւ Ռուսաստանում հրապարակված մի ցուցակով, որտեղ ներկայացված են ՀՀ իշխանությանը մաս կազմող հանցագործների անուններ: