Ի տարբերություն հացի փոքր եւ միջին արտադրամասերի, ուր չեն պահպանվում սանիտարահիգիենիկ տարրական նորմերը, հացի գործարաններում իրավիճակն ավելի բարվոք է, արտադրանքի որակն էլ ավելի բարձր։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ որպես ասվածի վկայություն համարելով իրենց անցկացրած հետազոտությունները։
Նրա խոսքով, փոքր եւ միջին փռերում «ով ոնց ուզում, այնպես էլ աշխատում է, չեն պահպանվում հացի արտադրման տեխնոլոգիաները եւ սանիտարահիգիենիկ նորմերը»:
Ասոցիացիայի մարկետինգի եւ մոնիտորինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանն իր հերթին տեղեկացրեց, որ հարյուրավոր մասնավոր փռերի կողքին Երեւանում ներկայումս շուրջ 3 տասնյակ հացի գործարաններ են հաշվվում։ «Նրանցից յուրաքանչյուրն ամեն օր ավելի քան 10 տոննա հաց է արտադրում։ Գործարանային պայմաններում արտադրվող հացամթերքն, ինչ խոսք, ավելի վստահելի որակ ունի, քանի որ արտադրամասերի շենքային պայմանները եւ սանիտարական վիճակը բավական բարձր մակարդակի վրա են, իսկ մասնագետներն էլ հին ու բարձր որակավորում ունեցող մարդիկ են։ Դա է պատճառը, որ գործարանային արտադրության հարցերն 80 տոկոսով վստահելի են, քան պատահական փռերում, նկուղային հարկերում եւ տնայնագործ պայմաններում թխվածները»,- ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի մոնիտորինգի բաժնի պետը։
Հայթյանը հիշեց, որ 2 տարի առաջ ինքը մի նկուղում տեսել է, թե ինչպես է կեղտոտ «վաննայի» մեջ մի կին ոտքերով տրորում հացի խմորը։ «Նա խմորի վրա պոլիէթիլենային տոպրակ էր փռել եւ հենց այդպես էլ տրորում էր այն։ Ասաց, ի՞նչ անեմ, ամուսին չունեմ, սրանով եմ փող աշխատում»:
Նշենք, որ Սպառողների ազգային ասոցիացիան կառավարությանն առաջարկել է հացի արտադրության պարզ ընթացակարգը բարդացնել, սակայն կառավարությունը դեռեւս այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել։





























