Ֆրանսիայի նախկին նախագահ, աջ ընդդիմությունից փրայմերիզի թեկնածու Նիկոլա Սարկոզին իշխանություններին մեղադրել է երկրում ահաբեկչությունները կանխել չկարողանալու մեջ եւ առաջարկել ահաբեկիչներին կոչել «բարբարոս № 1», «բարբարոս № 2», «բարբարոս № 3»՝ նրանց չգովազդելու համար: Այս մասին հաղորդում է RFI-ը՝ վկայակոչելով AFP-ն:
Նիսի ահաբեկչության զոհերի հարազատների եւ մտերիմների հետ հանդիպման ժամանակ Սարկոզին հայտարարել է, որ «անտանելի է հստակ չիմանալ, թե հստակ ինչ է տեղի ունեցել» հուլիսի 14-ի ահաբեկչության ժամանակ:
«86 զոհ Նիսում, 238 սպանված ամբողջ Ֆրանսիայում վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով. եթե այստեղ հատուկ ծառայությունների աշխատանքում բացթողումներ չեն եղել, ապա չգիտեմ, թե ինչ է սա»,- հայտարարել է Նիկոլա Սարկոզին:
Նա նաեւ խոստացել է, որ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում իր ընտրվելու դեպքում «ահաբեկչության զոհի կարգավիճակը կտարածվի բոլոր նրանց վրա, ովքեր հոգեբանական վնասվածք են ստացել»:



























