Սիրիայում զինյալները հրադադարի ռեժիմն օգտագործում են՝ Հալեպի շրջանում լայնածավալ մարտական գործողությունների նախապատրաստվելու համար: Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Օգտվելով մարտական գործողությունների դադարեցման ռեժիմից եւ այն հանգամանքից, որ կառավարական զորքերը չեն պատասխանում գնդակոծություններին, զինյալների վերահսկողության ներքո գտնվող շրջաններում գիշեր ու ցերեկ կենդանի ուժի եւ տեխնիկայի ակտիվ տեղափոխություն է իրականացվում»,- նշել է Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ զինյալների տեղաշարժ եւ զրահատեխնիկայի ու ավտոմեքենաների կենտրոնացում է նկատվում ինչպես Հալեպի արեւելյան հատվածներում, այնպես էլ արվարձաններում:

«Նման փաստերը հաստատում են ահաբեկիչների վերախմբավորման եւ լայնածավալ մարտական գործողությունների նախապատրաստման շուրջ մեր մտահոգությունները»,- նշել է նա: