ԱՄՆ-ը կարող է թանկ վճարել Սիրիայի բանակի դիրքերին միջազգային կոալիցիայի «սխալ» հարվածի պատճառով, կարծում է The American Conservative պարբերականի մեկնաբան Դենիել Լարիսոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պենտագոնում հայտարարել են, թե հնարավոր է՝ ավիահարվածն իրականացվել է «հետախուզության սխալի» հետեւանքով: Եթե ընդունենք, որ դա իսկապես այդպես է, ապա այս վրիպումը ԱՄՆ-ին դնում է չափազանց անհարմար եւ կործանարար վիճակում, նշել է լրագրողը: Դրանից զատ, այն ցույց է տալիս, թե ռմբակոծությունները որքան վտանգավոր կարող են լինել բազմակողմ քաղաքացիական պատերազմի պայմաններում, ինչպիսին այժմ առկա է Սիրիայում:

Իրավիճակը բարդացնում է նաեւ այն, որ հարվածները հասցվել են «Իսլամական պետության» դեմ մարտնչող զորքերին: Ըստ էության, ԱՄՆ-ի «սխալը» օգնել է ահաբեկիչներին, եւ Մոսկվան կամ Դամասկոսն այդ փաստարկը կարող են օգտագործել Վաշինգթոնի դեմ: Բացի այդ, ավիահարվածները հասցվել են ծայրահեղ անհարմար պահին՝ ռուսական կողմի հետ Սիրիայում կրակի դադարեցման  համաձայնագիրը կնքելուց հետո, հավելում է պարբերականի մեկնաբանը:

Տեղի ունեցածից հետո հայտնվել են ԱՄՆ իշխանություններին ուղղված կոչեր՝ արդարացնել ԻՊ դեմ պայքարող զինվորների վրա կատարված հարվածները եւ պաշտպանել «սխալ» գործողությունները, որոնք ահաբեկիչների համար միանգամայն օգտակար են եղել: Սիրիայի վերաբերյալ համանման «կոշտ դիրքորոշումը» հղի է լարվածության սրացմամբ եւ հեռանկարում կարող է ձախողման հանգեցնել դիվանագիտական կարգավորման բոլոր հնարավորությունները, եզրակացնում է լրագրողը: