Իսպանիայում 2009-ին ԷՏԱ բասկերի անջատողական խմբավորման կողմից իրականացված ահաբեկչության կազմակերպիչ Միկել Կաբիկոյց Կարերա Սարոբեն կարող է 3498 տարվա ազատազրկման դատապարտել, հայտնում է ABC թերթը:

2009-ի հուլիսին 700 կգ պայթուցիկով լցոնված ֆուրգոնը պայթեցվել է Բուրգոս քաղաքում Քաղաքացիական գվարդիայի զորամասերի կողքին: Պայթյունի հետեւանքով ամբողջությամբ փլվել է շենքի ճակատամասը, որտեղ ապրում էին 263 գվարդիականներ ու նրանց ընտանիքների անդամները: Սակայն ահաբեկչության պահին նրանցից շատերը ամառային արձակուրդում էին: Մահափորձի ժամանակ ոչ ոք չի զոհվել, մոտ 150 մարդ (այդ թվում 41 երեխա) վիրավորում է ստացել: Միկել Կարերան ( Աթա մականունով) եղել է ԷՏԱ ռազմական թեւի ղեկավարը ահաբեկչության իրականացման պահին: Դատախազությունը համարում է, որ հենց նա է Ֆրանսիայից կարգադրել իրականացնել ահաբեկչությունը:

Միկել Կարերայի նկատմամբ դատավարությունը սկսվել է սեպտեմբերի 19-ին: Դատախազությունը մտադիր է նրա համար 24 տարվա ազատազրկում պահանջել ահաբեկչության հետեւանքով տուժած 145 մարդուց յուրաքանչյուրի վրա կատարված մահափորձի համար, ու եւս 18 տարի էլ վնաս հասցնելու համար

2013-ի դեկտեմբերին դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել այսպես կոչված «Օթասուա թիմի» անդամներ՝ Դանիել Պաստորի, Ինյիգո Սապիրայնուի ու Բեատրիս Էտչեբերիայի նկատմամբ, որոնք ահաբեկչության անմիջական կատարողներն են եղել: Նրանցից յուրաքանչյուրը 3860 տարվա ազատազրկման է դատապարտվել ( 24-ական տարի յուրաքանյուր տուժածի ու 20-ական տարի հասցված վնասի համար) :

Միկել Կարերան կալանավորվել է Ֆրանսիայում 2010-ի մայիսին ու 2013-ին ֆրանսիական դատարանի կողմից դատապարտվել ցմահ բանտարկության Քաղաքացիական Գվարդիայի երկու աշխատակիցների ու ֆրանսիացի ոստիկանի սպանության համար: Այդ տարվա մարտի 8-ին ֆրանսիական կողմը ԷՏԱ ռազմական թեւի նախկին ղեկավարին ժամանակավորապես արտահանձնել է Իսպանիային նրա նկատմամբ դատավարություն անցկացնելու համար: