Նյու Յորքի իշխանությունները 28-ամյա տղամարդու են փնտրում սեպտեմբերի 17-ի գիշերը  Մանհեթընում որոտացած պայթյունի կապակցությամբ: ՀԴԲ-ն հայտնում է, որ ԱՄՆ-ի աֆղանական ծագմամբ քաղաքացի Ահմադ Խան Ռահամին փնտրվում է հարցաքննության համար: Կասկածյալի վերջին հայտնի հասցեն Էլիզաբեթ քաղաքում է` Նյու Ջերսիի նահանգ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: 

ՀԴԲ-ն եւ Նյու Յորքի ոստիկանությունը շարունակում են կասկածյալների որոնումները եւ ստուգում են Մանհեթընում ռումբի շաբաթօրյա պայթյունի  եւ մոտերքում հայտնաբերված սարքի միջեւ կապը:  Երկրորդ սարքը, որը հայտնաբերվել է առաջին պայթյունից կարճ ժամանակ անց, գործարկում էր շուտեփուկը` նրան ամրակցված բջջային հեռախոսի հետ: Ոստիկանությանը հաջողվել է բարեհաջող կերպով հանել սարքը եւ դրա վերահսկվող պայթյուն իրականացնել:   

Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների Անդրազգային սպառնալիքների ծրագրի տնօրեն Թոմ  Սանդերսոնը  50  տոկոս է գնահատում պայթյունին ջիհադիստների մասնակցության հավանականությունը, սակայն կարծում է, որ բնակչության նման բազմազան կազմով քաղաքում, ինչպիսին Նյու Յորքն է, պայթուցիկ սարք կարող էր տեղադրել նաեւ ուրիշ մեկը, այդ թվում` սպիտակ սուպրեմատիստ (սպիտակ ռասայի գերազանցության կողմնակից):