Բելգիայի սոցիալական կազմակերպություններում աշխատողները ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում պարտավոր կլինեն հաղորդել սոցիալական նպաստ ստացող կասկածելի անձանց մասին, որոնք կարող են կապ ունենալ ահաբեկչական գործունեության հետ. Դա նախատեսված է օրենքի նախագծում, որը թագավորության դաշնային խորհրդարանը քննարկման կդնի մինչեւ տարեվերջ, հայտնում է Derniere heure թերթը:

Wall Street Journal պարբերականի տվյալներով, Բրյուսելում եւ Փարիզում ահաբեկչական գործողություն կատարող առնվազն հինգ մարդ սոցիալական նպաստներ է ստացել Բելգիայի իշխանություններից, վճարումների ընդհանուր գումարը գերազանցել է 50 հազար եվրոն: Ահաբեկիչների հաշվին վերջին վճարումները ստացվել են ահաբեկչական գործողություններից երեք շաբաթ առաջ, պարզել են բելգիացի քննիչները: 

Մասնավորապես, Փարիզի ահաբեկչության գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը իշխանություններից ընդհանուր առմամբ 21 հազար եվրո է ստացել, չնայած այն բանին, որ օրենքի համաձայն, նպաստ ստանալու իրավունք չի ունեցել:  Աբդեսլամը Բրյուսելում բարի մենեջերի պաշտոն է զբաղեցրել եւ նույնիսկ հաստատության համասեփականատեր է եղել:   

Բելգիացի սոցաշխատողները «մասնագիտական գաղտնիքի» իրավունք ունեն, որը նրանց թույլ է տալիս չբացահայտել իրենց հովանավորյալների մասին տեղեկությունը, բացառությամբ ֆորսմաժորային իրավիճակների:   Նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դատախազության ինստիտուտն իրավունք կստանա սոցաշխատողներից պահանջելու, որ տրամադրեն իրավապահ մարմիններին հետաքրքրող տվյալները, հայտնում է   Derniere heure-ը:

Ավելի վաղ Բելգիայի իշխանությունները խանութների տերերին շրջաբերական են ուղարկել, որը նրանց պարտավորեցնում է ոստիկանությանը հայտնել  կասկածելի հաճախորդների մասին, որոնք կարող են պոտենցիալ ահաբեկիչ հանդիսանալ: 

Libre Belgique թերթի տվյալների համաձայն, հրահանգ ստացել են գլխավորապես այն   ապրանքային այնպիսի տեսականի ունեցող խանութներն ու դեղատները, որը կարող է ահաբեկիչների կողմից օգտագործվել պայթուցիկ նյութեր պատրաստելու համար: 

Առեւտրականներին, մասնավորապես, հրահանգվել է տեղեկացնել կանխիկ գումարով ացետոնի, քիմիական պարարտանյութի եւ ծծմբաթթվի խոշոր գնումների մասին: