Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը մտադիր է նոյեմբերին քվեարկել Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին, հայտնում է Politico-ն:
Բուշը ենթադրաբար դա խոստացել է Քեթլին Քեննեդի Տաունսենդին` ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջոն Քենեդու զարմուհուն: ԱՄՆ-ի նախկին նախագահի ներկայացուցիչները հաստատել են այդ տեղեկությունը:
Բուշ ավագը, որը 1989-ից մինչեւ 1993 թվականը զբաղեցրել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը, չի աջակցել նախագահական ընտրություններին Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփի առաջադրմանը:
Նույն կերպ է վարվել նաեւ նրա որդին` Ջեբ Բուշը, որը չի կարողացել հաջողության հասնել Հանրապետական կուսակցությունից այդ պաշտոնի թեկնածու առաջադրվելու գործում, ինչպես նաեւ նախընտրական մրցարշավում Թրամփի մյուս մրցակիցները` Թեդ Կրուզը եւ Ջոն Կասիչը:





























