Թվում էր՝ ամեն ինչ նորմալ է, երբ շաբաթ երեկոյան Դահիր Ադանը տնեցիներին ասել էր, որ գնում է iPhone գնելու: Հայտնի չէ, թե երբ է նա հանդերձավորվել հսկիչի համազգեստով, որը հագնում էր իր նախկին աշխատավայրում՝ ոչ հեռու գտնվող էլեկտրասարքերի գործարանում: Հայտնի չէ, թե ինչ է կատարվել 20-ամյա պատանու գլխում, երբ դանակը ձեռքին մտել է հայրենի Մինեսոթայի առեւտրի կենտրոն: Իսկ ներսում, ինչպես ասել են ոստիկանները, Ադանը քաոսային դանակահարություն է սկսել՝ վիրավորելով 10 մարդու, քանի դեռ ծառայության մեջ չգտնվող ոստիկանության սպան նրան չի գնդակահարել Macy's խանութում, հայտնում է The Washington Post-ը:
Երկուշաբթի երեկոյան Ադանի ընտանիքը իր առաջին պաշտոնական հայտարարությամբ նշել է, որ նույնպիսի «խոր ցնցում է ապրում, ինչ Մինեսոթայի նահանգի յուրաքանչյուր բնակիչ»,- հայտնում են հրապարակման հեղինակները: «Մենք վշտացած ենք անցած շաբաթ օրը տեղի ունեցած անբացատրելի ողբերգական իրադարձության պատճառով»,- հայտարարությունը բարձրաձայն կարդացել է ընտանիքի փաստաբան Աբդուլվահիդ Օսմանը:
«Երբ ոստիկանները եւ ՀԴԲ գործակալները երկուշաբթի շարունակում էին Crossroads Center առեւտրի տանը տեղի ունեցած շաբաթօրյա հարձակման հետաքննությունը, նրանք եւս փորձում էին հասկանալ, թե ինչը կարող էր սոմալիական ծագմամբ, մանկահասակ տարիքից ԱՄՆ-ում ապրող երիտասարդ ամերիկացուն այդպիսի արյունահեղության դրդել», նշված է հոդվածում:
Տեղական համայնքի առաջնորդ Հաջի Յուսուֆը, որը խոսել է Ադանի ընտանիքի անդամների հետ, ասել է, որ նա «ակնհայտ հուշումներ չի թողել»:
«Ընտանիքի անդամներն ասում են, որ նա երջանիկ էր, կենսախինդ, ամբողջ օրն աշխատում էր, դպրոցում լավ էր սովորում: Վերջին անգամ տնից դուրս գալիս ասել է, որ պատրաստվում է iPhone գնել»,- ասել է Յուսուֆը:
Ականատեսների խոսքով՝ հարձակման ժամանակ Ադանը Ալլահի անունն է հիշատակել եւ գնորդներից մեկին հարցրել է՝ արդյոք մուսուլմա՞ն է: Իշխանությունները չեն հաստատել Ադանի կապը ահաբեկչական խմբի հետ, սակայն «Իսլամական պետությունը» ստանձնել է նրա հարձակման պատասխանատվությունը՝ նրան իր զինվորն անվանելով:
Խմբավորումը հայտարարել է, որ Ադանը արձագանքել է «Իսլամական պետության» կոչին՝ «խփել խաչակիրների կոալիցիային պատկանող երկրների քաղաքացիներին», նշված է հոդվածում: ՀԴԲ փոխանցմամբ՝ հարձակումը հետաքննվում է «որպես պոտենցիալ ահաբեկչական հարձակում», սակայն Մինեսոթայի իշխանությունները նշել են, որ հարձակվողի եւ ԴԱԻՇ-ի միջեւ ուղղակի կապ չի հայտնաբերվել:
«Ադանը Սենթ Քլաուդ քաղաքի պետական համալսարանում տեղեկատվական համակարգեր էր ուսումնասիրում, եւ հաստատության մամուլի քարտուղարի խոսքով՝ ուսումնական դասընթացի գրեթե կեսն անցել էր, սակայն աշնանը չի վերադարձել համալսարան: Securitas Security Services ընկերության ներկայացուցիչը, որը Ադանին հսկիչի աշխատանքի էր ընդունել տեղի գործարանում, ասել է, որ նա հունիսից ազատվել էր աշխատանքից», նշված է հոդվածում:



























