Skittles արտադրող ընկերությունն անհարիր է կոչել փախստականներին թունավորված կոնֆետների հետ համեմատությունը, որն արել է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի որդին: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Փորձելով բացատրել, թե ԱՄՆ-ն ինչու չպետք է այլեւս փախստականների ընդունի, Թրամփ-կրտսերն իր Twitter-ում Skittles-ով լի ափսեի նկար է հրապարակել եւ գրել. «Եթե ես Skittles-ով լի ափսե ունենայի եւ ձեզ ասեի, որ ընդամենը երեք կոնֆետը կարող է սպանել ձեզ, դուք մի ամբողջ բուռ կվերցնեի՞ք: Դա մեր խնդիրն է Սիրիայից փախստականների հետ: Նկարում ամեն ինչ ասված է: Եկեք վերջ տանք քաղաքական կոռեկտությանը, որն Ամերիկային առաջին տեղում չի դնում»:

Այս գրառումը բուռն արձագանք է գտել համացանցում: Արդյունքում Skittles-ի սեփականատեր Wrigley կորպորացիայի ղեկավարներից մեկը որոշել է պատասխանել: «Skittles-ը կոնֆետ է, փախստականները՝ մարդիկ: Կարծում ենք՝ անհարիր համեմատություն է: Մենք զերծ կմնանք հետագա մեկնաբանություններից, քանի որ մեր հայտարարությունները կարող են որպես մարքեթինգային քայլ որակվել»,- հայտարարել է Wrigley Americas ընկերության փոխնախագահ Դենիս Յանգը: