Եվրամիությունը կդյուրացնի ահաբեկչական խմբավորումների դեմ պատժամիջոցներ սահմանելու գործընթացը: Ըստ DW-ի՝ «Իսլամական պետության» եւ «Ալ Քաիդա»-ի, ինչպես նաեւ դրանց հետ կապ ունեցող կամ դրանց աջակցող անձանց եւ կազմակերպությունների նկատմամբ միջոցառումները հիմա ԵՄ-ն կձեռնարկի՝ անկախ այն հանգամանքից, արդյո՞ք նրանք ներառված են ՄԱԿ-ի ահաբեկչական ցուցակում:
Պատժամիջոցները ներառում են մուտքի արգելք, ԵՄ երկրներում ակտիվների սառեցում, ԵՄ անդամ երկրների քաղաքացիներից եւ կազմակերպություններից միջոցներ ստանալու արգելք: Նրանց թվում կարող են հայտնվել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք, մասնավորապես, մասնակցել են ահաբեկչությունների նախապատրաստմանը կամ իրականացմանը, ֆինանսավորել կամ որեւէ այլ կերպ սատարել են ԻՊ-ի եւ «Ալ Քաիդա»-ի գործունեությունը, ինչպես նաեւ մարզումներ են անցել այդ կազմակերպությունների անդամների մոտ:
Պատժամիջոցները կարող են առնչվել նաեւ նրանց, ովքեր զբաղվել են ահաբեկչական խմբավորումների շարքերը մարդկանց հավաքագրմամբ կամ մասնակից են մարդու իրավունքների լուրջ խախտումներին, առեւանգումներին, սեռական բռնությանը կամ հարկադրանքով ամուսնություն կնքելուն:





























