Հանրապետական կուսակցությունից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հիմնադրամի 258 հազար դոլարը օգտագործել է անձնական նպատակներով, գրում է The Washington Post-ը:
Պարբերականը նշում է, որ գործարարը հիմնադրամի գումարները ծախսել է իր ընկերությունների տուգանքները մարելու համար: Մասնավորապես 2007-ին Ֆլորիդայում Թրամփի հյուրանոցը պետք է 120 հազար դոլարի տուգանք վճարեր: Բայց իշխանությունները համաձայնել են ներել միլիարդատիրոջ պարտքը, եթե նա 100 հազար դոլար նվիրաբերեր վետերանների կարիքներին: Այս նպատակների համար է հանրապետականը գործածել հիմնադրամի գումարները:
Բացի դրանից թերթի տեղեկություններով Դոնալդ Թրամփին պատկանող գոլֆ ակումբը Նյու Յորքում պայմանավորվել է հայցի դատական կարգավորման մասին: Դրա համար գործարարը 158 հազար դոլար է ծախսել բարեգործական հիմնադրամի միջոցներից:
Նաեւ The Washington Post-ին հաջողվել է պարզել, որ 2014-ին Թրամփը հիմնադրամի ստացած 10 հազար դոլարով գնել է իր սեփական դիմանկարը բարեգործական երեկոյի ժամանակ: Եթե ԱՄՆ հարկային ծառայութունը հաստատի, որ միլիարդատերը խախտել է օրենքը, նա պարտավոր կլինի տուգանք վճարել կամ հիմնադրամին փոխհատուցել ծախսված գումարները:





























