Ամերիկյան Հյուսիսային Կարոլինայի նահանգապետ Պատրիկ Մակրորին հայտնել է որ արտակարգ դրություն է մտցնում Շարլոտ քաղաքում, որտեղ անկարգություններ են սկսվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Քաղաքում սեպտեմբերի 21-ին վերսկսվել են բողոքի ակցիաները՝ աֆրոամերիկացու մահվան կապակցությամբ, որին ոստիկանութան աշխատակիցներն էին սպանել:

Տեղի Charlotte Observer թերթը գրում է, որ սկզբում մի քանի հարյուր մարդու մասնակցությամբ ակցիան խաղաղ էր, սակայն հետո վերածվեց քաոսի: Լրատվամիջոցների տվյալներով ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ էր կիրառել: «Ռոյթեր» գործակալությունը հայտնում է, որ անկարգությունների հետեւանքով մեկ ոստիկան է տուժել:

43-ամյա Քեյթ Լամոնտ Սքոթը սպանվել է սեպտեմբերի 20-ի երեկոյան: Ըստ ոստիկանության հաշվետվության՝ պարեկները ռեյդի ժամանակ նկատել են ավտոմեքենայից դուրս եկող զինված տղամարդու, որից հետո նրա վրա կրակ են բացել: Ստացված վիրավորումներից տուժածը տեղում մահացել է: