Արեւմտյան քաղաքակրթությունը մեծապես պարտական է հայ ժողովրդին: Այս մասին, սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած տոնական միջոցառման ժամանակ նշել է կոնգրեսական Էդ Ռոյսը:
Նրա խոսքով, տոնելով հայկական պետության անկախության 25-երորդ տարեդարձը պետք է հիշատակել նաեւ հայկական քաղաքակրթության ավելի քան 3000 տարիները:
«Այսօր մեր մտքերն ուղղված են Հայաստանի ժողովրդի ապագային: Ինչպես տեղյակ եք, Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ հաստատվել են շատ ամուր հարաբերություններ: Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին, դիվանագիտական եւ տնտեսական հարաբերություններին, մարդու իրավունքների խնդրին տրվող կարեւորությանը, մենք ունենք ամուր հիմք:
Հայ ժողովրդի ոգին, նվիրվածությունը սեփական մշակույթին եւ արժեքներին թույլ տվեց հայ ժողովրդին հաղթանակով թերթել պատմության ամենամութ էջերը: Եվ Արեւմտյան քաղաքակրթությունը մեծապես պարտական է հայ ժողովրդին: Այսօր հույսն այն է, որ հայոց ազգի երեխաների ապագան լուսավոր լինի: Ես գիտեմ, որ Միացյալ Նահանգներում այն կլինի լուսավոր: Ցանկանում եմ, որ այն լուսավոր լինի նաեւ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում»,-ընդգծել է ամերիկացի կոնգրեսականը:
Նշենք, որ միջոցառմանը մասնակցել են տասնյակից ավելի ԱՄՆ կոնգրեսականներ:





























