Ադրբեջանն ու Ղազախստանը պլանավորում են Եսքենե–Կուրիկ–Բաքու նոր նավթատար կառուցել՝ 739 կմ երկարությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիեւին։

Նախարարի խոսքով՝ Ղազախստանը ածխրաջրածինների հսկայական պաշարներ ունի, որոնք կազմում են 5.5 մլրդ տոննա նավթ եւ 3 տրլն խ/մ գազ։

«Դա Ղազախստանին թույլ է տալիս տարեկան 33.6 մլրդ խ/մ գազ արտադրել եւ 80 տոննա նավթ, սակայն երկիրը Բաքու–Թբիլիսի–Ջեյխան խողովակատարից բացի, չունի երաշխավորված անկախ, հուսալի եւ անվտանգ երթուղի նավթի արտահանման համար։ Թենգիզ–Նովոռոսիյսկ, Աթիրաու–Սամարա, Աթասու–Ալաշանկոու եւ Կասպյան խողովակատարի ուղիները բավարար չեն աճող արտահանման պոտենցիալն ապահովելու համար»,– ասված է հոդվածում, փոխանցում է «Թրենդ»–ը։

Նավթատարը պետք է ապահովի ղազախստանական նավթի արտահանումը հիմնականում «Կաշագան» հանքավայրից Կասպից ծովի տարածքով «Բաքու–Թբիլիսի–Ջեյխան» խողովակաշարով եւ այլ նավթատար համակարգերով, ինչպե Ադրբեջանի տարածքում, այնպես էլ միջազգային շուկաներ այլ տարանցիկ երկրներում։