ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վաշինգթոն քաղաքում 2016 թվականի հոկտեմբերի 6-9-ը ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի հայ- ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված են հայ – ամերիկյան տնտեսական երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված շուրջ մեկ տասնյակ հարցեր:
Վաշինգթոն քաղաքում փոխվարչապետ Վաչե Գաբրիելանը կմասնակցի նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2016 թվականի տարեկան ժողովին: Այցի շրջանակներում Վաչե Գաբրիելյանը մի շարք կարեւոր հանդիպումներ կունենա Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների եւ Արժույթի միջազգային հիմնադրամի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ Նյու Յորք քաղաքում հոկտեմբերի 9-13-ը կմասնակցի նաեւ «Հայաստան ներդրումային համաժողով 2016» համաժողովի աշխատանքներին: Համաժողովը, որին նախատեսվում է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը, նպատակ ունի ներկայացնել Հայաստանի ներդրումային գրավչությունն ու ցուցադրել Հայաստանի մրցակցային առավելությունները:



























