Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու մասին Վաշինգթոնի որոշումը պայմանավորված է Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ ռազմական գերազանցություն ստանալու ԱՄՆ ցանկությամբ։ Այս մասին ասել է ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Վիկտոր Պոզնիխիրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նրա խոսքով՝ Եվրոպայում ՀՀՊ համակարգեր ստեղծելու ԱՄՆ ձգտումը պայմանավորված է Իրանի ու Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքներով, ինչպես Վաշինգթոնը բացատրում է իր պլանները։ «Այդ որոշումն իրականում պայմանավորված է առաջին հերթին Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամաբ ռազմական գերազանցություն ստանալու ձգտումով»,– կարծում է է ռուս գեներալը։
Գլխավոր շտաբի ներկայացուցիչը նշել է, որ Հյուսիսային Կորեան դեռ ֆիզիկապես ի վիճակի չէ իրական սպառնալիք ներկայացնել Արեւմուտքի համար։ Թեհրանի կողմից բխող սպառնալիքից խոսելն անտեղի է Իրանի միջուկային գործարքի կնքելուց հետո, կարծում է Պոզնիխիրը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ–ը ձգտում է թուլացնել Իրանի միջուկային ներուժը։ Բացի այդ, ՀՀՊ համակարգը թույլ է տալիս հզոր հարվածային բաղադրիչ ունենալ հնարավոր «զինաթափող եւ գլխատող հարվածների համար»։
Գեներալը նշել է, որ Mk-41 սարքերը, որոնք ԱՄՆ–ը մտադիր է տեղակայել Ռումինիայում եւ Լեհաստանում, կարող են կրել հեռահար Tomahawk հրթիռներ, ինչն ուղղակիորեն խախտում է միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը։
«Ամերիկյան թեւավոր հրթիռների հարվածի տակ կարող է հայտնվել Ռուսաստանի ամբողջ եվրոպական հատվածը»,– ասել է նա։
Պոզնիխիրի խոսքով՝ Ռուսաստանը ԱՄՆ պլաններն անպատասխան չի թողնի։ Նա նշել է, որ Մոսկվան համաչափ պատասխան է տալու։




























