Airbus Group կոնցեռնի գլխավոր տնօրեն Թոմ Էնդերսը հայտարարել է, որ կոնցեռնը փոխհատուցում կպահանջի Լեհաստանի կառավարության հետ Caracal 50 ուղղաթիռների գնման շուրջ բանակցությունների տապալման համար: Հոկտեմբերի 5-ին Լեհաստանի իշխանությունները հաղորդել էին Airbus Helicopters-ի հետ բանակցությունների դադարեցման մասին, որոնք վերաբերում էին Caracal ռազմական ուղղաթիռների մատակարարումների պայմանագրին: Այս մասին հայտնում է Լեհաստանի ռադիոն:
«Մենք կփորձենք փոխհատուցում ստանալ»,- ընդգծել է Էնդերսը: Նրա խոսքով՝ կոնցեռնում այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ «Լեհաստանի կառավարությունը ամիսներ շարունակ մեզ քթից բռնած ֆռռացրել է»: «Ոչ մի հաճախորդ մեզ հետ այնպես չի վարվել, ինչպես այդ կառավարությունը»,- նշել է Էնդերսը:
«Airbus-ն իրականում ցանկանում էր Լեհաստանում ներդրում կատարել: Մենք ցանկանում էինք մեր ներդրումն ունենալ այդ երկրում մրցունակ ավիացիոն եւ տիեզերական արդյունաբերության ստեղծման գործում: Մինչդեռ Լեհաստանի կառավարությունը դուռը շրխկացրեց մեր քթի առաջ: Մենք դա հաշվի կառնենք»,- հայտարարել է Airbus Group կոնցեռնի գլխավոր տնօրենը:



























