Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE) կարող են բարեհաջող կերպով ներկայացվել եւ համաշխարհային չափանիշներով ոչ այդքան մեծ հայկական ընկերություններ։ Այս մասին հոկտեմբերի 11-ին՝ Երեւանում արժեթղթերի հայկական թողարկողների համար «Ամերիկաբանկ» ՓԲԸ–ի կազմակերպած սեմինարի ժամանակ, լրագրողներին ասել է LSE Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների առաջնային շուկայի բաժնի պետ Այունա Նեչաեւան։
Նրա խոսքով՝ շատ կարեւոր է հասկանալ, որ LSE–ն միայն խոշոր ընկերությունների ու զարգացած ֆինանսական շուկաների համար չէ։ Այսպես՝ բորսայում դեռ գնանշվում է վրացական ակտիվներով 5 ընկերություն՝ երեքը՝ պրեմիում սեգմենտում, եւս երկուսը՝ AIM հարթակում զարգացող ընկերությունների համար։ «Այնպես որ պետք չէ բազմամիլիարդանոց բիզնես ունենալ, որպեսզի պատրաստ լինես Լոնդոնի բորսայի լիսթինգին։ Կարելի է 400-500 միլիոնի կապիտալիզացիա ունենալ եւ լինել հիմնական հարթակում։ Կարելի է ավելի քիչ ունենալ եւ լինել AIM հարթակում»,– նշեց Նաչաեւան։
Հարցին, թե ինչ գումարներով կարող են արժեթղթեր տեղակայել հայկական այն ընկերությունները, որոնք ուզում են եւ կարող են լիսթինգ անցնել, նա պատասխանեց. «Այս սեմինարը բիզնեսի համար կազմակերպել է «Ամերիաբանկը», որը շատ ավելի կոմպետենտ է տեղի շուկայի գնահատականներում։ Սակայն առաջին մոտեցմամբ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունն այստեղ կարող են առաջ բերել ֆինանսական, լեռնահանքային եւ ենթակառուցվածքային ոլորտների ընկերությունները։ Իհարկե, նրանք պետք է LSE չափանիշներին համապատասխանող աշխատանք գտնելու աշխատանք տանեն։ Իսկ նշանակում է, որ պետք է անհրաժեշտ ձեւաչափով հրապարակել ֆինանսական հաշվետվությունը, վերակազմավորել տնօրենների խորհուրդը՝ ընդգրկելով անկախ տնօրենների»,– հավելել է Այունա Նեչաեւան։
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանում ակտիվների, վարկային պորտֆելի, պարտավորությունների եւ ավանդների առումով խոշորագույն բանկն է։ Բանկի ընդհանուր կապիտալը հիմա կազմում է մոտ 200 մլն դոլար։
Լոնդոնի ֆոնդային բորսայում 2016–ի սեպտեմբերին վաճառվում էին 268 օտարերկրյա թողարկողների բաժնետոմսեր։ Միայն սեպտեմբերին դրանք 16 մլրդ 957 մլն ֆունտ են բերել։




























