Հունաստանի ՆԳՆ հանձնաժողովը ապաստան չի տրամադրել եւս վեց թուրք սպաների, որոնք Հունաստան են ժամանել Թուրքիայում պետհեղաշրջման փորձից հետո։

Հուլիսի 16-ին ուղղաթիռով Հունաստան էին ժամանել ութ զինվորականներ՝ հայտնելով , որ իրենք մասնակցություն չունեն հեղաշրջման փորձին, սակայն հայրենիքում իրենց մահ է սպառնում։

Ընդհանուր առմամբ ութ զինվորականներից յոթին արդեն մերժել են այն պատճառաբանությամբ , որ նրանք մասնակցել են պետհեղաշրջման փորձին, ինչը «ահաբեկչական գործողություն» է , գրում է www.enikos.gr–ը՝ վկայակոչելով զինվորականների փաստաբան Ստավրուլա Տոմարի հայտարարությունը։ Այդ մեղադրանքը վրդովվեցրել է սպաներին։

«Մեզ զարմացրել է ապաստան տրամադրող ծառայության որոշումը, որը մեր խնդրանքը մերժելուց բացի նաեւ մեզ ահաբեկիչ է որակում»,- ասված է զինվորականների հայտարարության մեջ, որը տարածել է նրանց փաստաբանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք հույս ունենք , որ Հունաստանի կառավարությունը կորդեգրի ԵՄ մյուս հինգ անդամ պետությունների լուրջ դիրքորոշումը, որոնք միջազգային պաշտպանություն են տրամադրել հեղաշրջման փորձից հետո իրենց տարածքում ապաստան խնդրած թուրք զինվորականներին»,- ասվում է հայտարարության մեջ։