Փարիզը ցավում է Ֆրանսիայի մայրաքաղաք այցը չեղարկելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման համար, որտեղ քննարկվելու էր Սիրիայում տիրող իրադրությունը: Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն:
«Մենք պատրաստ էինք Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սիրիայում տիրող իրադրությունը, դա էր մեր առաջարկը... Ցավում եմ այդ որոշման համար, քանի որ մենք ցանկանում էինք այդ հարցը քննարկել Մոսկվայի հետ»,- Europe 1 ռադիոկայանի եթերում հայտարարել է պաշտոնյան:
Ավելի վաղ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հաղորդել էր, որ ՌԴ նախագահը չեղարկել է Փարիզ նախանշված այցը, որը ծրագրված էր հոկտեմբերի 19-ին: Կրեմլում դա պարզաբանել են նախագահի այցի ծրագրի մի շարք միջոցառումների չեղարկմամբ՝ հայտարարելով, որ ՌԴ նախագահը Փարիզ կգնա, երբ հարմար լինի Օլանդին:




























