Ռումինահայ քաղաքական գործիչ ու գրող Վարուժան Ոսկանյանը արժանացել է Կենտրոնական Եվրոպայի այս տարվա Angelus գրական մրցանակին, հայտնում է «Լեհաստանի ռադիոն»։
Միջազգային ժյուրին՝ ուկրաինացի բանաստեղծ ու հրապարակախոս Միկոլա Ռյաբչուկի նախագահությամբ, Վարուժան Ոսկանյանին պարգեւատրել է Հայոց ցեղասպանության մասին «Շշուկների գիրք» վեպի համար։ Ոսկանյանի գրքից հատվածները տպագրվել էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Worldwide Reading Commemorating the Centenary of the Armenian Genocide ակցիայի շրջանակում։
Կենտրոնական Եվրոպայի Angelus գրական մրցանակը հանձնվում է 2006-ից սկսած լեհերեն հրապարակված լավագույն գրքի համար։ Դափնեկիր կարող է դառնալ Կենտրոնական Եվրոպայի 21 երկրներից մեկի գրողը։ 2015-ին դափնեկիր էր դարձել ուկրաինացի բանաստեղծ ու վիպագիր Սերգեյ Ժադինը՝ «Միջագետք» գրքի համար։




























