Ուկրաինայում օդանավակայանները պետք է ազատվեն ռուսերեն լեզվով գրառումներից եւ կոմունիստական անվանումներից։ Այս մասին ասել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը։

Նախարարն ընդգծել է, որ դա վերաբերում է ոչ միայն «Բորիսոպոլի» միջազգային օդանավակայանին, այլ նաեւ երկրի բոլոր օդանավակայաններին, փոխանցում է «112 Ուկրաինան»։

Ուկրաինայի օդանավակայաններում տեղադրվող ամբողջ տեղեկությունը՝ գրառումներ, վահանակներ, բարձրախոսներով հրապարակվող տեղեկություն, պետք է լինի ուկրաիներեն եւ անգլերեն։ «Ոչ մի ռուսերեն չպիտի լինի։ Դա ոչ միայն պետական լեզվի օգտագործման հարց է, դա նաեւ ինքնահարգանքի հարց առաջին  հերթին։ Այդպես էլ օդանավակայանի աշխատակիցները ուղեւորների հետ շփվելիս պետք է օգտագործեն ուկրաիներեն կամ անգլերեն»,– ասել է Օմելյանը։

Նախարարը  հավելել է, որ «ապակոմունիզացիայի» շրջանակներում պետք է տեղի ունենա հաստատությունների անվանումների վերանվանում։ «Եթե օդանավակայանում կա տերմինալ, պահեստ կամ սրճարան, որի անվանման մեջ նկատվում է խորհրդային հետք, դա պետք է փոխվի դեկտեմբերի 1-ից։ Դա սկզբունքային հարց է»,– ասել է նա։