Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ գյուղատնտեսության ոլորտում ձեւավորվել են երկկողմ գործակցության լավ ավանդույթներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար` շեշտելով, որ գյուղատնտեսությունը հայ-արգենտինյան տնտեսական փոխգործակցության համար առանձնահատուկ կարեւորություն ունեցող ոլորտ է:
«Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ գյուղատնտեսության ոլորտում ձեւավորվել են երկկողմ գործակցության լավ ավանդույթներ, եւ առկա են հստակ նախադրյալներ այդ համագործակցությունը խորացնելու համար: Մենք պատրաստ ենք բոլոր հարցերում աջակցություն ցուցաբերել, որպեսզի արգենտինյան փորձը եւ տեխնոլոգիական առաջընթացը կիրառություն գտնեն երկրի գյուղատնտեսության տարբեր ճյուղերում` գյուղմթերքի արտադրողականության եւ որակի բարելավման նպատակով», - նշել է նախարար Առաքելյանը:
Գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ առկա համագործակցության բարձր մակարդակով` դեսպան Ուրրիոլաբեիտիան հավելել է, որ վերջին տարիներին երկու երկրների մասնագետները փոխայցեր են կատարել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավոր ուղիներն ուսումնասիրելու, փորձի փոխանակման, ծրագրերի իրականացման նպատակով, եւ այդ համատեքստում նոյեմբեր ամսին ակնկալվում է արգենտինացի մասնագետների հերթական այցը Հայաստան:
Դեսպանը նաեւ նշել է, որը վաղը Հայաստան են ժամանելու Գյուղատնտեսական փորձարկումների տարածաշրջանային կոնսորցիում (CREA) խմբի ներկայացուցիչները, որոնք կհանդիպեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների հետ` մասնավորապես կաթնամթերքի արտադրության եւ լոլիկի մշակության ոլորտներում մասնագիտական քննարկումներ ունենալու եւ իրենց աշխատանքային մեթոդաբանությունը ներկայացնելու նպատակով, որը Արգենտինայում կիրառվում է 1960 թվականից եւ հաջողություններ է գրանցել տարբեր երկրներում: Բացի այդ, նախատեսվում է «Արմպրոդէքսպո» միջազգային մասնագիտական ցուցահանդեսի շրջանակում կազմակերպել սեմինար առավել լայն մասնագիտական շրջանակների համար:
Ողջունելով նախաձեռնությունը` Իգնատի Առաքելյանը կարեւորել է մասնավոր ոլորտին այդ աշխատանքներում ներգրավելու եւ իրազեկելու հարցը:




























