Աայսօր անհրաժեշտ է զարգացնել ագրարային բնագավառի հատկապես այն ուղղությունները, որոնք թույլ կտան ավելացնել գյուղացիների եւ փոքր ու միջին ֆերմերների եկամուտները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնարավարման ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում կշարունակվեն զարգանալ եւ ընդլայնվել:
«Մեզ համար շատ կարեւոր է Ֆրանսիայի հետ համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում, ֆրանսիական ներդրումներով տարբեր ծրագրերի իրականացումը եւ փորձի կիրառումը մեր երկրի ագրարային բնագավառում: Ֆրանսիան մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, իրականացվում են համատեղ ծրագրեր, կազմակերպվում խորհրդատվություններ: Հուսով ենք, որ այս ոլորտում ձեւավորված երկկողմ սերտ հարաբերությունները ոչ միայն կշարունակեն աստիճանաբար զարգանալ, այլեւ կունենան իրենց գործնական դրսեւորումը տարբեր ճյուղերում», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Ընդգծելով, որ հայ-ֆրանսիական համատեղ ծրագրերը բարեհաջող են ընթանում` նախարարը միաժամանակ հնարավոր է համարել ընդլայնել համագործակցության շրջանակները եւ առաջիկայում համատեղ քայլեր ձեռնարկել, մասնավորապես, ինտենսիվ այգիների հիմնման, ջերմոցային տնտեսությունների ստեղծման, կոոպերացիայի զարգացման եւ այլ ուղղություններով: Այս համատեքստում նախարարը շեշտել է, որ այսօր անհրաժեշտ է զարգացնել ագրարային բնագավառի հատկապես այն ուղղությունները, որոնք թույլ կտան ավելացնել գյուղացիների եւ փոքր ու միջին ֆերմերների եկամուտները:
Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր հերթին վերահաստատել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը խորացնել ագրարային ոլորտում երկու երկրների միջեւ ձեւավորված ակտիվ փոխգործակցությունը:
Դեսպանն առանձնակի կարեւորել է նաեւ Ֆրանսիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի հաջող ընթացքը եւ ընդգծել դրանք շարունակելու մտադրությունը:
Տեղեկացնելով, որ դեկտեմբերին նախատեսվում է անցկացնել ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի հերթական նիստը, որի քննարկման թեմաների մեջ ներառված են նաեւ գյուղատնտեսությանն առնչվող հարցեր, դեսպանը հրավիրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին մասնակցել այդ միջոցառմանը:




























