Աստրիայի իշխանությունները որոշել են քանդել այն տունը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը։ Այս մասին հայտնել է Ավստրիայի ՆԳ նախարար Վոլֆգանգ Սոբոտկան, հայտնում է Die Presse–ը։

«Հիտլերի տունը կքանդվի։ Նկուղային հարկը կարող է մնալ, բայց դրա վրա նոր շենք կկառուցվի։ Տունը հետագայում կգործածվի կամ բարեգործական կամ էլ պետական կարիքների համար»,- ասել է նա։

Նրա խոսքով, որոշումը ընդունվել է վերջերս ավարտված փորձագիտական ուսումնասիրության արդյունքների հիման վրա։

2011-ից սկսած Ավստրիայի կառավարությունն ու տան սեփականատերը չեն կարողանում համաձայնության գալ տան ճակատագրի վերաբերյալ։ Կինը չի թույլատրում ոչ դրա վաճառքը, ոչ վերանորոգումը, ընդ որում կառավարությունը շարունակում է նրան ամսական 4800 եվրո վճարել 800 քառ մետր մակերեսով բնակտարածքի վարձակալության համար։

Հուշարձանների պահպանման միությունը բացասաբար է արձագանքել տունը քանդելու որոշմանը, համարելով, որ դրա անհրաժեշտությունը չկա։Տեղի բնակիչների տեսակետները այս հարցում տարբեր են, ոմանք չեն բացառում այնտեղ թանգարան կամ փախստականների համար ապաստարան բացելու հնարավորությունը։