ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հաստատել է, որ կազմակերպության շրջանակում ռոտացիա տեղի կունենա, ՀԱՊԿ երեւանյան գագաթնաժողովի ժամանակ այդ հարցը չի քննարկվել , քանի որ ՀԱԿՊ անդամ երկրներից մեկի նախագահը ներկա չէր։
«Փոփոխությունը պետք է լինի, քանի որ կա նախագահների որոշումը՝ գլխավոր քարտուղարի ու բոլոր պաշտոնատար անձանց ռոտացիայի համակարգի ներդրման մասին, իսկ ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց, այսինքն վարչությունների ղեկավարներին ու տեղակալներին, ապա այդ ռոտացիան մեզ մոտ վաղուց է իրականացվում ու ի դեպ շատ հաջող»,- ասել է նա «Ռոսիյա 24» հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով այդ հարցի քննարկումը հետաձգվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հիվանդության պատճառով։
«Առաջնորդվելով նրանով, որ այդ հարցն անհրաժեշտ է լուծել բոլոր նախագահների մասնակցությամբ , պայմանավորվել ենք, որ դեկտեմբերին պետությունների առաջնորդները հանդիպեն ու արդեն այդ ժամանակ, երբ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների ամբողջ կազմը ներկա կլինի, վերջնական որոշում կկայացվի»,- ամփոփել է նա։




























