Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են հատուկ օրենսդրական հիմք պատրաստել 2018 թվականին կայսր Ակիհիտոյի՝ գահից հրաժարվելու խնդրանքը կատարելու համար։ Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ կայսեր շրջապատը հույս ունի, որ վերջինս գահին կմնա մինչեւ 2018 թվականը։
Այս տարվա օգոստոսին 82-ամյա կայսրը աննախադեպ հեռուստաուղերձ էր հղել՝ հայտարարելով գահից հրաժարվելու ցանկության մասին, քանի որ առողջությունն ու տարիքը թույլ չեն տալիս լիարժեք կատարել պետականության «խորհրդանիշի» իր դերը։
Այդ կապակցությամբ հոկտեմբերի 17-ին Տոկիոյում իր աշխատանքն էր սկսել հատուկ հանձնաժողովը, որը քննում է խնդիրը լուծելու տարբերակները, քանի որ Ճապոնիայի գործող սահմանադրությունը չի նախատեսում գահից հրաժարվելու հնարավորություն։ Դրա համաձայն՝ կայսրը պետք է իշխի ցմահ։




























