Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային:

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը նրա հերթական այցը Հայաստան համարել է մեր երկրի մաքսային ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումներին աջակցելու գործում Համաշխարհային մաքսային կազմակերպության հետեւողականության վկայություն: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել կազմակերպության հետ Հայաստանի համագործակցությունը եւ հույս հայտնել, որ գլխավոր քարտուղարի այցը նոր խթան կհանդիսանա փոխգործակցության հետագա ամրապնդման ու խորացման համար, ինչպես նաեւ թույլ կտա գնահատել վերջին տարիներին այս բնագավառում Հայաստանի կողմից իրականացված բարեփոխումների արդյունավետությունը:

Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ Երեւանում անցկացվող «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը Առեւտրի համաշխարհային կազմակերպության Առեւտրի դյուրացման համաձայնագրի համատեքստում» խորագրով եվրոպական տարածաշրջանային աշխատաժողովի աշխատանքներին:

Կունիո Միկուրիան աշխատաժողովի անցկացումը Երեւանում պայմանավորել է այն հանգամանքով, որ Համաշխարհային մաքսային կազմակերպությունը տարիներ շարունակ Հայաստանում մասնակցել է բարեփոխումների իրականացմանը, եւ ցանկություն կար Հայաստանը ներկայացնել նաեւ որպես օրինակելի պետություն հարեւան երկրների համար:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Համաշխարհային մաքսային կազմակերպության միջեւ երկարամյա արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացման հնարավորություններին, ՀՀ մաքսային ոլորտում կազմակերպության աջակցությամբ իրականացված բարեփոխումների արդյունքներին, այդ թվում՝ օրենսդրության կատարելագործման, սահմանային անցակետերի արդիականացման, էլեկտրոնային համակարգերի ներդրման, կադրերի վերապատրաստման եւ մի շարք այլ ուղղություններով կատարված աշխատանքներին: