Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 20-ին Ազգային վիճակագրական ծառայությունում (ԱՎԾ) մասնակցել է Վիճակագրության համաշխարհային օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի հռչակագրով 2010թ. հոկտեմբերի 20-ը հռչակվել եւ աշխարհում առաջին անգամ նշվում է որպես Վիճակագրության համաշխարհային օր։ Այն նշվում է «Ծառայություն, արհեստավարժություն եւ բարեխղճություն» կարգախոսի ներքո։

Տոնի կապակցությամբ շնորհավորելով վիճակագիրներին` վարչապետը, մասնավորապես, նշել է. «Վիճակագիրների գործը քիչ բանով է տարբերվում այն մասնագիտական աշխատանքներից, որոնք առնչվում են խնդիրների եւ մարտահրավերների հետ, երբ հանդիպում են խոչընդոտների, ընդվզումների, անհամաձայնությունների ու քաղաքական սուր քննադատությունների։ Իրենց գործին նվիրված այս մարդիկ հետեւողականորեն ամեն օր ծանր աշխատանք են կատարում, առանց որի հնարավոր չէ ապահովել մարդկության առաջընթացը եւ զարգացումը։ Եթե չլինի վիճակագրությունը, մենք չենք կարող տալ գնահատականներ` ինչ ուղղությամբ ենք գնում, որտեղ են մեր խնդիրները, բացթողումներն ու նվաճումները, եւ ինչպես են չափվում այս բոլոր երեւույթները։ Ձեր մասնագիտական նվիրումով դուք ներդրում եք կատարել մեր պետականության ամրապնդման ու պետության զարգացման գործում»։

Այնուհետեւ կառավարության ղեկավարի ներկայությամբ վիճակագրության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԱՎԾ մի շարք աշխատակիցներ պարգեւատրվել են շնորհակալագրերով։