«Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները նոյեմբերի 18-ից 30-ը հրավիրում են մասնակցելու «ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 4-րդ մրցաշարին: Մրցաշարի նպատակը հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարի քարոզումն է:

Արդեն չորրորդ տարին անընդմեջ մրցաշարը կազմակերպվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ. բոլոր խաղերն անշահախնդրորեն սպասարկում են բարձրակարգ մրցավարներ:

Մրցաշարի կազմակերպիչները մրցանակներ են սահմանել մրցանակային տեղեր գրաված թիմերի համար. կլինեն նաեւ անհատական մրցանակներ : Բացի դա` հատուկ մրցանակ է շնորհվելու մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողին:

Նախորդ տարի մինի ֆուտբոլի մրցաշարին մասնակցել է 9 թիմ` «Մեդիամաքս», «Հանրային հեռուստաընկերություն», «Երկիր մեդիա», «Տոտալ ֆուտբոլ», «Չորրորդ իշխանություն», «Արեւածաղիկ», «Թերթ.am», «Արմենպրես» եւ «Շախմատ» թիմը, որտեղ հանդես էին գալիս մեր ուժեղագույն շախմատիստները:

Մասնակցության պայմանները

- Մրցաշարին կարող են մասնակցել լրատվամիջոցների սիրողական ֆուտբոլային թիմեր: Արգելվում է թիմերի կազմում ընդգրկել այն աշխատակիցներին, ովքեր 2005- 2010 թվականներին հանդես են եկել ՀՀ ֆուտբոլի առաջնություններում:

- Յուրաքանցյուր լրատվամիջոց կարող է ներկայանալ 1 թիմով: Այն լրատվամիջոցները, որոնք հնարավորություն չունեն սեփական ուժերով թիմ ստեղծել, կարող են միանալ այլ լրատվամիջոցների: 

- Մասնակցության վճար չկա:

- Մասնակցության հայտը պետք է ներկայացնել մասնակիցների ցանկով, լրատվամիջոցը ներկայացնող ղեկավարի ստորագրությամբ եւ համապատասխան կնիքով: Հարկավոր է կից ներկայացնել նաեւ մասնակիցների անձնագիրների պատճեները: