Շենգավիթի տարածքային հարկային տեսչությունը խստացրել է հսկողությունը ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալողների նկատմամբ: Արդյունքում, օրերս կատարած ստուգայցի ժամանակ, հարկային տեսչության աշխատակիցները Արարատյան 9 շենքի հարեւանությամբ հայտնաբերել են ապօրինի գործող ավտոկայանատեղի, որը գործել է միայն գիշերային ժամերին:

Պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգման արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Վաչագան Տոնիկյանը նշված հասցեում ավտոկայանատեղիի գործունեություն է կազմակերպել` չունենալով պետական գրանցում ու հայտարարություն իր ներկայացրած ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների վերաբերյալ:

Ստուգման արդյունքում պարզվել է նաեւ, որ Վ. Տոնիկյանը գործունեությունն սկսել էր այս տարվա հոկտեմբերի սկզբից եւ ապօրինի կայանատեղիի միջոցով օրական սպասարկել քսան եւ ավելի ավտոմեքենաների` յուրաքանչյուրից գանձելով 300-ական դրամ:

Գործի վերաբերյալ կազմվել է ստուգման ակտ եւ նշանակվել տուգանք:

Օրերս կատարած ստուգայցի ընթացքում Շենգավիթի տարածքային հարկային տեսչության աշխատակիցները բացահայտել են եւս մեկ ավտոկանգառի ապօրինի կազմակերպման գործունեություն: Այն իրականացրել էր քաղաքացի Ա. Ոսկանյանը:

Ապօրինի գործունեության կազմակերպման դեպքեր են հայտնաբերել նաեւ Էրեբունու հարկային տեսչության եւ օպերատիվ հետախուզության վարչության բաժնի աշխատակիցները: Ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի Էրեբունի համայնքում հայտնաբերվել են պատուհանների եւ դռների պատրաստման ապօրինի արտադրամաս: Արտադրամասը առանց պետական գրանցման գործել է այս տարվա հուլիսից: Ապօրինի գործունեություն իրականացրած Նորայր Սարուխանյանի գործունեությունը կասեցվել է, կազմվել է համապատասխան ակտ եւ վարչական վարույթ: