«Մայքրոսոֆթն» ու Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարությունը համատեղ աշխատանքներ են իրականացնում վիրտուալ կրթական պլատֆորմ ստեղծելու ուղղությամբ։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը։ Նրա խոսքով՝ նոր պլատֆորմը հնարավորություն կտա ուսուցիչներին կամ աշակետներին, անգամ հիվանդության պատճառով դասերից բացակայելիս, մասնակցել դասապրոցեսին։
«Արդեն իսկ հայաստանյան մի շարք նորարարական դպրոցներում, այդ թվում՝ «Մխիթար Սեբաստացի» եւ «Անանիա Շիրակացի» կրթահամալիրներում «Մայքրոսոֆթ»-ի կողմից փորձարկվել են օնլայն դասեր իրականացնելու տեխնիկական հնարավորությունները։ Ինչպես նաեւ դպրոցներին տրամադրվել են համապատասխան գործիքները եւ վերապատրաստման տարբեր դասընթացներ են իրականացվել»,- ասաց Գ. Բարսեղյանը։
Նրա խոսքով, սակայն, հայաստանյան դպրոցներում օնլայն դասեր իրականացնելու միակ խնդիրը հայերեն էլեկտրոնային բովանդակության պակասն է, ու հենց այս ուղղությամբ էլ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն։
«Ծրագրի տեխնիակական աջակցությունը կիրականացնի «Մայքրոսոֆթը», իսկ դասընթացների բովանդակությունը կապահովվեն ԿԳՆ կողմից հաստատված հանրակրթական դպրոցների լավագույն ուսուցիչները»,- ասաց Գ. Բարսեղյանը՝ ավելացնելով, որ կրթական նոր պլատֆորմը հնարավորություններ ընձեռի ոչ միայն Հայաստանի մարզերում ապրող աշակերտներին եւ ուսուցիչներին մասնակցել որակյալ կրթական գործընթացներին, այլեւ այդ ամենին հաղորդակից կդարձնի սփյուռքահայերին։
Տեղեկացնենք, որ «Մայքրոսոֆթ» ընկերության «Գործընկերներ ուսման ոլորտում» (Partners in Learning) ծրագիրը մեկնարկել է 2003 թվականից։ Ծրագրի նպատակն է օգնել դպրոցներին բարձրացնել ՏՀՏ հասանելիությունը, աջակցել կրթության գործընթացում նորարարական մեթոդների ներդրմանը, ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության զարգացմանը եւ նրանց զինմանը` այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ գործիքներով եւ գիտելիքներով։ «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում ավելի քան 100 երկրներ «Մայքրոսոֆթ»-ի հետ ստորագրել են համագործակցության հուշագիր: Ծրագրի համար «Մայքրոսոֆթը» ներդրել է մոտավորապես 1 մլն. դոլլար:
Հայաստանում «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագիրը մեկնարկել է 2008 թ. հոկտեմբերի 31-ին, Հայաստանի ԿԳՆ-ի եւ «Մայքրոսոֆթ» ընկերության միջեւ «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, որն էլ սահամանում է ՀՀ ԿԳ նախարարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության համագործակցությունը:




























