Իտալիայի դեսպանատան կողմից անցկացվող Իտալերենի օրերի շրջանակում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել իտալերեն-հայերեն բառարանի շնորհանդես, որը վերահրատարակվել է Հայաստանի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ:
«Լեզուներ ուսումնասիրելն իմ աշխարհն է: Հույս ունեմ, որ այս գիրքը, որն ընդգրկում է ավելի քան 30 հազար բառ, սեղանի գիրք կդառնա եւ կօգնի իտալերեն սովորելուն»,- ասաց գրքի հեղինակ, Մխիթարյան միաբանության վանահայր Վահան Օհանյանը:
«Իտալական մշակույթը միշտ գերել եւ զարմացրել է աշխարհին: Բոլորիս սրտերում էլ կա իտալական մշակույթից մի կտոր: Իտալական մշակույթի հիմքը լեզուն է: Եվ այսօր Մխիթարյան միաբանության վանահայր Վահան Օհանյանի կողմից գրված բառարանի հրատարակմամբ մենք ավելի ենք մոտենում իտալական մշակույթին»,- շնորհանդեսի ժամանակ նշել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ շնորհակալություն հայտնել Հայսատանում Իտալիայի դեսպանին` գրքի տպագրության գործում նախարարությանը մեծ աջակցություն ցուցաբերելու համար:
Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին իր հերթին հավելել է, որ բառարանը պտուղն է այն ջերմ հարաբերությունների, որ գոյություն ունի ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան եւ ՀՀ սփյուռքի նախարարության միջեւ:




























