Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր ունի մեծ շանսեր 2012թ-ի Եվրոպայի առաջնության եզրափակչին մասնակցելու համար: Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ եւ Սլովակիա Հայ Համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ զրույցի ընթացքում, նման տեսակետ է հայտնել Սլովակիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահության անդամ Ուիլյամ Ֆիշերը: Սլովակիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահության ղեկավարները շատ բարձր կարծիք են հայտնել Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի խաղի վերաբերյալ:

Ինչ վերաբերվում է Սլովակիայի հավաքականին, ապա նա Հայաստանից կրած ծանր պարտությունից հետո այլեւս չի հասցնում ուշքի գալ, եւ ըստ մասնագետների կարծիքի այդ «նոկաուտից» այդպես էլ չկարողանալով դուրս գալ` զրկվելու է եզրափակչին մասնակցելու հնարավորությունից: Դրան հակառակ Հայաստանի հավաքականը Անդորրայի հավաքականին ջախջախիչ պարտության մատնելուց հետո դարձել է ենթախմբի ֆավորիտը եւ Ռուսաստանի հետ եկող մարտի 26-ին հաջող խաղի դեպքում շանս ունի դառնալու խմբի առաջատար:

Սլովակ մասնագետները մտադրություն ունեն  Հայաստանի հավաքականում հանդես եկող որոշ հարձակվողների Սլովակիայի լավագույն թիմերում աշխատանքի հրավիրել: Նրանց կարծիքով հայկական ֆուտբոլին լավ ապագա է սպասվում` ճիշտ զարգացումներ եւ շարունակություն ապահովելու դեպքում: