Այսօր` հոկտեմբերի 21-ին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ Հայաստանի ԱԺ-ում հանդիպել են ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով հայ խորհրդարանականներն անդրադարձել են Հայաստանի քաղաքական զարգացումներին: Արմեն Ռուստամյանը ներկայացրել է իր տեսակետը ԵԽԽՎ 1609, 1620, 1643 եւ 1677 բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերյալ: Նա կարեւորել է ընտրական օրենսգրքի բարեփոխումները, որոնք, նրա համոզմամբ, ժողովրդի շրջանում կբարձրացնեն վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ եւ հասարակությանը զերծ կպահեն հետընտրական ճգնաժամերից: ՀՅԴ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իրենք ներկայացրել են ընտրական օրենսգրքի բարեփոխման վերաբերյալ առաջարկների փաթեթ:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր խոսքում անդրադարձել է երկրում քաղբանտարկյալների խնդիրներին, մարտիմեկյան դեպքերի պատասխանատուների բացահայտմանը եւ հետաքննության շարունակությանը, ընտրական օրենսգրքի բարեփոխումներին:




























