ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը (www.caps.am) եւ Հայաստանի ռեստորանների ասոցիացիան (www.armenianrestaurants.am/) կազմակերպում են վերապատրաստում «Հյուրընկալության եւ ռեստորանային կառավարում» թեմայով: Վերջինս Ամերիկայի ռեստորանների ազգային ասոցիացիայի Կրթական հիմնադրամի կողմից մշակված ManageFirst ծրագիրն է:

Հավաստագրված մենեջմենտի ուսուցման այս նոր ծրագիրը հիմնված է հմտությունների վրա, որոնք սահմանվել են ռեստորանների, սննդի սպասարկման եւ հյուրընկալության ոլորտի կողմից` որպես հաջողության գրավական: Ծրագրի նպատակը Հայաստանի ռեստորաններին, սննդի սպասարկման եւ հյուրընկալության ոլորտում   կառավարման բարձր չափանիշներ սահմանելն է եւ աշխատուժի հմտությունների բարելավումը:

Դասընթացը կվարի ԱՄՆ-ի Վիրջինիա Թեք/Վիրջինիայի պոլիտեխնիկ ինստիտուտի եւ պետական համալսարանի Հյուրընկալության եւ զբոսաշրջության կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Մահմուդ Խանը: Արդեն 30 տարի է նա ներգրավված է հյուրընկալության եւ զբոսաշրջության կառավարման ոլորտում հետազոտությունների անցկացման, դասավանդման եւ ղեկավարման աշխատանքներում:

Դասընթացը, որը նախատեսված է ռեստորանների, հյուրանոցների, սննդի առաքման ծառայությունների, սուպերմարկետների ղեկավարների, ինչպես նաեւ պետական պաշտոնյաների եւ կրթական հաստատությունների համար (մասնակիցների քանակը սահմանափակ է` 20 հոգի), իրականացվելու է անգլերեն լեզվով եւ ուղեկցվելու է հայերեն թարգմանությամբ: Հնգօրյա դասընթացը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 22-ից 27-ը, ժամը 10:00-ից մինչեւ 17:00: Դասընթացից հետո, նոյեմբերի 1-ին, անցկացվելու է քննություն, որը հաջողությամբ հանձնած մասնակիցները հնարավորություն կունենան շարունակել ուսումնառությունը եւ դառնալ միջազգային հավաստագիր ունեցող դասավանդողներ: Վերապատրաստմանը կմասնակցեն մի շարք ռեստորանների եւ հյուրանոցների ղեկավարներ, ինչպիսիք են «Սքուեր Ուան», «Բրավո» ռեստորան, «Ջազզվե», «Կակտուս», «Ցենտրալ», «Քլաբ», «Արտբրիջ», «Լըբուշոն», «Բաոբաբ», «Արթուրզ» հանգստյան տուն, Գոլդն Թուլիփ Հոթել Երեւան եւ «Վայք» հյուրանոցը: